창세기 2장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 창세기 (Genesis) · 25절
- 1 Այսպիսով Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը եւ կարգաւորեց դրանք:
- 2 Աստուած վեցերորդ օրն աւարտեց արարչագործութիւնը եւ իր կատարած բոլոր գործերից յետոյ՝ եօթներորդ օրը, հանգստացաւ:
- 3 Աստուած օրհնեց եօթներորդ օրը եւ սրբագործեց այն, որովհետեւ այդ օրը Աստուած հանգստացաւ իր այն բոլոր գործերից, որ սկսել էր անել:
- 4 Այս է երկնքի ու երկրի արարչութեան պատմութիւնը: Այն օրը, երբ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը,
- 5 երկրի վրայ դեռ ոչ մի տունկ չէր բուսել, դեռ ոչ մի դաշտային բոյս չէր աճել, որովհետեւ Տէր Աստուած անձրեւ չէր տեղացրել երկրի վրայ, եւ մարդ չկար, որ մշակէր հողը,
- 6 բայց աղբիւր էր բխում երկրից եւ ոռոգում ողջ երկիրը:
- 7 Տէր Աստուած մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դէմքին կենդանութեան շունչ փչեց, եւ մարդն եղաւ կենդանի էակ:
- 8 Աստուած դրախտ տնկեց Եդեմում՝ արեւելեան կողմը, եւ այնտեղ դրեց իր ստեղծած մարդուն:
- 9 Տէր Աստուած երկրից բուսցրեց նաեւ ամէն տեսակի գեղեցկատեսիլ ու համեղ մրգեր տուող ծառեր, իսկ կենաց ծառը՝ բարու եւ չարի գիտութեան ծառը, տնկեց դրախտի մէջտեղում:
- 10 Գետ էր բխում Եդեմից, որպէսզի ոռոգէր դրախտը, եւ այնտեղից բաժանւում էր չորս ճիւղերի:
- 11 Մէկի անունը Փիսոն էր: Նա է, որ պատում է ամբողջ Եւիլատ երկիրը, այնտեղ, ուր ոսկի կայ:
- 12 Այդ երկրի ոսկին ազնիւ է: Այնտեղ կայ նաեւ սուտակ եւ դահանակ ակնաքարը:
- 13 Երկրորդ գետի անունը Գեհոն է: Նա պատում է Եթովպացւոց երկիրը:
- 14 Երրորդ գետը Տիգրիսն է: Սա հոսում է դէպի Ասորեստան: Չորրորդ գետը Եփրատն է:
- 15 Տէր Աստուած իր ստեղծած մարդուն տեղաւորեց բերկրութեան դրախտում, որպէսզի սա մշակի ու պահպանի այն:
- 16 Տէր Աստուած պատուիրեց Ադամին ու ասաց. «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել,
- 17 բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի՛ կերէք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկանացու կը դառնաք»:
- 18 Տէր Աստուած ասաց. «Լաւ չէ, որ մարդը միայնակ լինի: Նրա նմանութեամբ մի օգնական ստեղծենք նրա համար»:
- 19 Տէր Աստուած ստեղծեց նաեւ դաշտային բոլոր գազաններին, երկնքի բոլոր թռչուններին եւ բերեց Ադամի մօտ, որ տեսնի, թէ Ադամը ինչ անուն կը տայ դրանց: Եւ Ադամն ինչ անուն որ տար ամէն մի կենդանուն, այն էլ կը լինէր դրա անունը:
- 20 Ադամը բոլոր անասուններին, երկնքի բոլոր թռչուններին եւ դաշտային բոլոր գազաններին տուեց անուններ, բայց Ադամը չգտաւ իր նմանութիւնն ունեցող մի օգնական:
- 21 Տէր Աստուած թմրութիւն բերեց Ադամի վրայ, եւ սա քնեց: Աստուած հանեց նրա կողոսկրերից մէկը եւ այդ տեղը մաշկով ծածկեց:
- 22 Տէր Աստուած Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց եւ նրան բերեց Ադամի մօտ:
- 23 Ադամն ասաց. «Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից եւ մարմին՝ իմ մարմնից: Թող սա կոչուի կին, որովհետեւ իր ամուսնուց ստեղծուեց»:
- 24 Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հօրն ու մօրը՝ պէտք է միանայ իր կնոջը, եւ երկուսը պէտք է լինեն մի մարմին:
- 25 Եւ երկուսն էլ՝ Ադամն ու իր կինը, մերկ էին ու չէին ամաչում:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗