로그인

창세기 11장 Eastern (Genesis Exodus Gospels)

Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 창세기 (Genesis) · 32절

  1. 1 Այն ժամանակ ողջ երկիրը մէկ լեզուով, մէկ բարբառով էր խօսում:
  2. 2 Արեւելքից տեղաշարժուելու ժամանակ նրանք Սենաար երկրում մի դաշտ գտան եւ բնակուեցին այնտեղ:
  3. 3 Նրանք միմեանց դիմելով՝ ասացին. «Եկէք աղիւս շինենք ու այն թրծենք կրակով»: Աղիւսը նրանց համար ծառայեց իբրեւ քար, իսկ կուպրը՝ իբրեւ շաղախ:
  4. 4 Նրանք ասացին. «Եկէք մեզ համար քաղաք կառուցենք եւ աշտարակ, որի գագաթը հասնի մինչեւ երկինք: Համբաւ ձեռք բերենք ողջ աշխարհով մէկ սփռուելուց առաջ»:
  5. 5 Տէրն իջաւ, որպէսզի տեսնի այն քաղաքն ու աշտարակը, որ կառուցում էին մարդկանց որդիները:
  6. 6 Տէրն ասաց. «Սրանք մէկ ժողովուրդ են, ունեն մէկ լեզու եւ սկսել են այդ գործն անել: Արդ, ոչինչ չի խանգարում նրանց, որ կառուցեն այն, ինչ կամենում են:
  7. 7 Արի իջնենք եւ խառնենք նրանց լեզուն այնպէս, որ ոչ մէկը չհասկանայ իր ընկերոջ ասածը»:
  8. 8 Տէր Աստուած այնտեղից նրանց սփռեց աշխարհով մէկ, եւ նրանք դադարեցին քաղաքն ու աշտարակը կառուցելուց:
  9. 9 Դրա համար այն կոչուեց Խառնակութիւն (Բաբելոն), որովհետեւ Տէր Աստուած այնտեղ խառնեց ամբողջ երկրի բնակիչների լեզուները եւ այնտեղից նրանց սփռեց ողջ աշխարհով մէկ:
  10. 10 Սէմի սերունդները սրանք են. Սէմը հարիւրամեայ հասակում, ջրհեղեղից երկու տարի յետոյ ծնեց Արփաքսադին:
  11. 11 Սէմն Արփաքսադին ծնելուց յետոյ ապրեց եւս հինգ հարիւր տարի: Նա ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ:
  12. 12 Արփաքսադը հարիւր երեսունհինգ տարեկան հասակում ծնեց Կայնանին:
  13. 13 Արփաքսադը Կայնանին ծնելուց յետոյ ապրեց եւս չորս հարիւր տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ: Կայնանը հարիւր երեսուն տարեկան հասակում ծնեց Սաղային: Կայնանը Սաղային ծնելուց յետոյ ապրեց եւս երեք հարիւր երեսուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ:
  14. 14 Սաղան հարիւր երեսուն տարեկան հասակում ծնեց Եբերին:
  15. 15 Սաղան Եբերին ծնելուց յետոյ ապրեց եւս երեք հարիւր երեսուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ:
  16. 16 Եբերը հարիւր երեսունչորս տարեկան հասակում ծնեց Փաղէկին:
  17. 17 Եբերը Փաղէկին ծնելուց յետոյ ապրեց եւս երկու հարիւր եօթանասուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ:
  18. 18 Փաղէկը հարիւր երեսունչորս տարեկան հասակում ծնեց Ռագաւին:
  19. 19 Փաղէկը Ռագաւին ծնելուց յետոյ ապրեց եւս երկու հարիւր ինը տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ:
  20. 20 Ռագաւը հարիւր երեսուներկու տարեկան հասակում ծնեց Սերուքին:
  21. 21 Ռագաւը Սերուքին ծնելուց յետոյ ապրեց եւս երկու հարիւր եօթը տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ:
  22. 22 Սերուքը հարիւր երեսուն տարեկան հասակում ծնեց Նաքորին:
  23. 23 Սերուքը Նաքորին ծնելուց յետոյ ապրեց եւս երկու հարիւր տարի, ծնեց տղաներ ու աղջիկներ եւ մեռաւ:
  24. 24 Նաքորը եօթանասունինը տարեկան հասակում ծնեց Թարային:
  25. 25 Նաքորը Թարային ծնելուց յետոյ ապրեց եւս հարիւր քսաներկու տարի, ծնեց տղաներ ու աղջիկներ եւ մեռաւ:
  26. 26 Թարան եօթանասուն տարեկան հասակում ծնեց Աբրամին, Նաքորին եւ Առանին:
  27. 27 Թարայի սերունդը այս է. Թարան ծնեց Աբրամին, Նաքորին ու Առանին, իսկ Առանը ծնեց Ղովտին:
  28. 28 Առանը մեռաւ իր հայր Թարայի կենդանութեան օրօք, իր ծննդավայրում՝ Քաղդէացւոց երկրում:
  29. 29 Աբրամն ու Նաքորը ամուսնացան: Աբրամի կնոջ անունը Սարա էր, իսկ Նաքորի կնոջ անունը՝ Մեղքա: Սա Առանի՝ Մեղքայի եւ Յէսքայի հօր դուստրն էր:
  30. 30 Սարան ամուլ էր՝ երեխայ չէր ունենում:
  31. 31 Թարան իր որդի Աբրամին, իր որդի Նաքորին, իր որդի Առանի որդի Ղովտին ու իր հարսին՝ իր որդի Աբրամի կնոջը, Քաղդէացւոց երկրից առաւ տարաւ Քանանացւոց երկիրը: Նրանք հասան Խառան ու բնակուեցին այնտեղ:
  32. 32 Խառանում Թարան դարձաւ երկու հարիւր հինգ տարեկան. Թարան Խառանում էլ մեռաւ:

Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗