요한복음 9장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 요한복음 (John) · 41절
- 1 Եւ մինչ անցնում էր, ի ծնէ կոյր մի մարդու տեսաւ.
- 2 իր աշակերտները հարցրին նրան եւ ասացին. «Ռաբբի՛, մեղքը ո՞ւմն է, որ կոյր է ծնուել, սրա՞նն է, թէ՞ հօրն ու մօրը»:
- 3 Յիսուս պատասխանեց. «Ո՛չ դրա մեղքն է եւ ոչ էլ իր հօր ու մօր, այլ՝ որպէսզի դրա վրայ Աստծու գործերը յայտնի լինեն:
- 4 Եւ քանի դեռ ցերեկ է, ես պէտք է կատարեմ գործերը նրա, ով ինձ ուղարկեց. կը գայ գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործել:
- 5 Քանի դեռ աշխարհում եմ, աշխարհի լոյսն եմ»:
- 6 Երբ այս ասաց, թքեց գետնին եւ թքով կաւ շինեց, եւ կաւը ծեփեց կոյրի աչքերի վրայ ու ասաց նրան.
- 7 «Գնա՛ լուացուիր Սիլովամի աւազանի մէջ» (որ թարգմանւում է՝ առաքուած): Գնաց լուացուեց, եկաւ եւ տեսնում էր:
- 8 Իսկ հարեւանները եւ նրանք, որ նախապէս տեսել էին նրան, որ մուրացիկ էր, ասում էին. «Սա չէ՞ր, որ նստում էր եւ մուրում»:
- 9 Ոմանք ասում էին՝ նա է. ուրիշներ ասում էին՝ ո՛չ, բայց նման է նրան: Իսկ ինքն ասում էր՝ ես եմ:
- 10 Նրան ասացին. «Իսկ ինչպէ՞ս բացուեցին քո աչքերը»:
- 11 Նա պատասխանեց. «Մի մարդ, որին ասում են՝ Յիսուսն է, կաւ շինեց եւ ծեփեց իմ աչքերը եւ ինձ ասաց. «Գնա՛ Սիլովամ եւ լուացուի՛ր»: Գնացի, լուացուեցի եւ տեսնում եմ»:
- 12 Նրան ասացին՝ ո՞ւր է նա: Նրանց ասաց՝ չգիտեմ:
- 13 Նրան, որ մի ժամանակ կոյր էր, բերին փարիսեցիների մօտ
- 14 (օրը շաբաթ էր, երբ Յիսուս կաւ շինեց եւ կոյրի աչքերը բացեց):
- 15 Փարիսեցիներն էլ կրկին հարցրին նրան. «Ինչպէ՞ս ես տեսնում»: Եւ նա նրանց ասաց. «Կաւ դրեց աչքերիս վրայ, եւ լուացուեցի ու տեսնում եմ»:
- 16 Փարիսեցիներից ոմանք ասացին. «Այդ մարդը Աստծուց չէ, քանի որ շաբաթ օրը չի պահում»: Ոմանք ասում էին. «Իսկ մեղաւոր մի մարդ ինչպէ՞ս կարող է այսպիսի նշաններ կատարել»: Եւ նրանց մէջ պառակտում կար:
- 17 Դարձեալ կոյրին ասացին. «Դո՛ւ ինչ ես ասում նրա մասին, քանի որ նա քո աչքերը բացեց»: Եւ նա ասաց՝ մարգարէ է:
- 18 Եւ հրեաները չէին հաւատում, թէ նա կոյր էր, եւ բացուեց, մինչեւ որ կանչեցին աչքերը բացուածի ծնողներին,
- 19 հարցրին նրանց ու ասացին. «Սա՞ է ձեր որդին, որի մասին ասում էիք, թէ՝ կոյր ծնուեց. իսկ այժմ ինչպէ՞ս է, որ տեսնում է»:
- 20 Նրա ծնողները պատասխանեցին եւ ասացին. «Գիտենք, որ սա մեր որդին է, եւ որ կոյր ծնուեց.
- 21 բայց թէ այժմ ինչպէ՛ս է, որ տեսնում է, չգիտենք, կամ թէ՝ ո՛վ բացեց դրա աչքերը, մենք չգիտենք. հէնց իրե՛ն հարցրէք. ինքն արդէն չափահաս է. իր մասին ինքը թող խօսի»:
- 22 Նրա ծնողները այսպէս ասացին, որովհետեւ հրեաներից վախենում էին, քանի որ հրեաները երդուել էին, որ, եթէ մէկը նրան Քրիստոս խոստովանի, հեռացուի ժողովարանից:
- 23 Դրա համար է, որ նրա ծնողներն ասացին. «Ինքն արդէն չափահաս է, հէնց իրե՛ն հարցրէք»:
- 24 Նորից կրկին անգամ կանչեցին այդ մարդուն, որ կոյր էր, եւ նրան ասացին. «Աստծուն փա՛ռք տուր. մենք գիտենք, որ այն մարդը մեղաւոր է»:
- 25 Իսկ նա ասաց. «Թէ մեղաւոր է, ես չգիտեմ, բայց այն գիտեմ, որ կոյր էի եւ հիմա տեսնում եմ»:
- 26 Դարձեալ ասացին նրան. «Քեզ ի՞նչ արեց, քո աչքերը ինչպէ՞ս բացեց»:
- 27 Նրանց պատասխանեց. «Նոր ձեզ ասացի, եւ չէք լսում, ինչո՞ւ էք ուզում նորից լսել. միթէ դո՞ւք էլ էք կամենում նրան աշակերտել»:
- 28 Նրանք նախատում էին նրան ու ասում. «Դո՛ւ եղիր նրան աշակերտ. մենք Մովսէսի աշակերտներն ենք:
- 29 Մենք գիտենք, որ Աստուած Մովսէսի հետ խօսեց. իսկ սրան չգիտենք, թէ որտեղից է»:
- 30 Մարդը պատասխանեց նրանց եւ ասաց. «Զարմանալին էլ այն է, որ դուք չգիտէք, թէ նա որտեղից է, եւ սակայն իմ աչքերը բացեց:
- 31 Գիտենք, որ Աստուած մեղաւորներին չի լսում, բայց եթէ մէկը աստուածապաշտ է եւ նրա կամքը կատարում է, նրան լսում է:
- 32 Աշխարհի սկզբից ոչ ոք չի լսել, թէ մէկը ի ծնէ կոյր ծնուած կոյրի աչքերը բացած լինի:
- 33 Եթէ այդ մարդը Աստծուց չլինէր, որեւէ բան անել չէր կարող»:
- 34 Պատասխանեցին եւ ասացին նրան. «Ամբողջովին մեղքի մէջ ես ծնուած եւ դու մեր գլխին վարդապե՞տ ես դարձել»: Եւ նրան դուրս հանեցին:
- 35 Յիսուս լսեց, թէ նրան դուրս են հանել. եւ երբ նրան գտաւ, ասաց. «Դու Աստծու Որդուն հաւատո՞ւմ ես»:
- 36 Նա պատասխան տուեց եւ ասաց. «Տէ՛ր, ո՞վ է, որ նրան հաւատամ»:
- 37 Յիսուս նրան ասաց. «Ե՛ւ տեսար նրան, ե՛ւ նա է, ով խօսում է քեզ հետ»:
- 38 Ու նա ասաց. «Հաւատում եմ, Տէ՛ր»: Եւ երկրպագեց նրան:
- 39 Եւ Յիսուս ասաց. «Դատաստանի համար եկայ այս աշխարհը, որպէսզի, ովքեր չեն տեսնում, տեսնեն, եւ ովքեր տեսնում են, կուրանան»:
- 40 Փարիսեցիներից ոմանք, որ Յիսուսի հետ էին, այդ լսեցին ու նրան ասացին. «Միթէ մե՞նք էլ կոյր ենք»:
- 41 Յիսուս նրանց ասաց. «Եթէ կոյր լինէիք, դուք մեղք չէիք ունենայ, բայց հիմա ասում էք, թէ՝ տեսնում ենք. եւ ձեր մեղքը ձեր մէջ հաստատ է մնում»:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗