요한복음 13장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 요한복음 (John) · 38절
- 1 Զատկի տօնից առաջ Յիսուս իմացաւ, որ հասել է իր ժամը, որպէսզի այս աշխարհից Հօր մօտ փոխադրուի. սիրեց իւրայիններին, որ այս աշխարհում են, իսպառ սիրեց նրանց:
- 2 Եւ ընթրիքի ժամանակ, երբ սատանան արդէն իսկ Սիմոնի որդի Իսկարիովտացի Յուդայի սրտի մէջ դրել էր, որ մատնի նրան,
- 3 Յիսուս իմացաւ, որ Հայրը ամէն բան իր ձեռքն էր յանձնել, եւ որ ինքը Աստծուց էր ելել եւ Աստծու մօտ էր գնում:
- 4 Նա վեր կացաւ ընթրիքի սեղանից, մի կողմ դրեց զգեստները եւ մի սրբիչ վերցնելով՝ մէջքին կապեց:
- 5 Եւ ապա ջուր վերցնելով՝ ածեց կոնքի մէջ եւ սկսեց իր աշակերտների ոտքերը լուանալ եւ սրբել մէջքին կապած սրբիչով:
- 6 Մօտեցաւ Սիմոն Պետրոսին, եւ սա ասաց նրան. «Տէ՛ր, դո՞ւ ես իմ ոտքերը լուանում»:
- 7 Յիսուս պատասխանեց նրան ու ասաց. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց յետոյ կ՚իմանաս»:
- 8 Պետրոսը նրան ասաց. «Իմ ոտքերը յաւիտեան չես լուանայ»: Յիսուս պատասխանեց. «Եթէ քեզ չլուանամ, ինձ հետ մաս չունես»:
- 9 Սիմոն Պետրոսն ասաց նրան. «Տէ՛ր, ոչ թէ միայն իմ ոտքերը, այլեւ իմ ձեռքերն ու գլուխն էլ լուա՛»:
- 10 Յիսուս նրան ասաց. «Լուացուածին ուրիշ բան պէտք չէ, բայց միայն ոտքերը լուանալ, քանի որ ամբողջութեամբ մաքուր է. եւ դուք մաքուր էք, բայց ոչ բոլորդ»:
- 11 Քանի որ նա գիտէր նրան, ով իրեն մատնելու էր, դրա համար ասաց. «Բոլորդ չէ, որ մաքուր էք»:
- 12 Եւ երբ նրանց ոտքերը լուաց, վերցրեց իր զգեստները եւ դարձեալ սեղան նստեց ու ասաց նրանց. «Գիտէ՞ք, թէ այդ ինչ արեցի ձեզ:
- 13 Դուք ինձ Վարդապետ եւ Տէր էք կոչում. եւ լաւ էք անում, քանի որ իսկապէս ե՛մ.
- 14 իսկ արդ, եթէ ես՝ Տէրս եւ Վարդապետս, լուացի ձեր ոտքերը, դուք էլ պարտաւոր էք միմեանց ոտքերը լուանալ.
- 15 որովհետեւ մի օրինակ տուի ձեզ, որ, ինչպէս ես ձեզ արեցի, դուք էլ նոյն ձեւով անէք:
- 16 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ծառան աւելի մեծ չէ, քան իր տէրը, եւ ոչ էլ ուղարկուածը՝ աւելի մեծ, քան նա, ով նրան ուղարկեց:
- 17 Եթէ այս բաները գիտէք, առաւել երանելի էք, եթէ դրանք կատարէք:
- 18 Ձեր բոլորի համար չէ, որ ասում եմ, որովհետեւ ես գիտեմ նրանց, որոնց ընտրել եմ, այլ որպէսզի կատարուի գրուածը, թէ՝ ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դէմ դարձաւ.
- 19 հէնց այժմուանից ասում եմ ձեզ, քանի դեռ չի եղել, որպէսզի, երբ որ լինի, հաւատաք, որ ես եմ:
- 20 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ ընդունի նրան, ում ես կ՚ուղարկեմ, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ընդունում է նրան, ով ինձ ուղարկեց»:
- 21 Երբ Յիսուս այս բաներն ասաց, խռովուեց իր հոգում, վկայեց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մէկն ինձ մատնելու է»:
- 22 Աշակերտներն իրար էին նայում տարակուսելով, թէ ո՛ւմ մասին է ասում:
- 23 Եւ աշակերտներից մէկը, որին Յիսուս սիրում էր, նստել էր նրա մօտ:
- 24 Սիմոն Պետրոսը սրան ակնարկ արեց՝ հարցնելով, թէ այդ ո՛ւմ մասին է ասում:
- 25 Եւ սա Յիսուսի կրծքովն ընկաւ ու ասաց նրան. «Տէ՛ր, ո՞վ է»:
- 26 Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Նա է, որի համար ես այս պատառը կը թաթախեմ եւ կը տամ իրեն»: Եւ թաթախելով պատառը՝ տալիս է Իսկարիովտացի Յուդային:
- 27 Եւ երբ նա պատառն առաւ, սատանան մտաւ նրա մէջ: Յիսուս նրան ասաց. «Հիմա ինչ որ անելու ես, իսկոյն արա՛»:
- 28 Եւ սեղանակիցներից ոչ ոք չիմացաւ, թէ նա ինչի՛ համար այդ նրան ասաց.
- 29 որովհետեւ ոմանք կարծում էին, թէ, քանի որ Յուդան էր գանձանակը պահում, Յիսուս նրան ասաց. «Գնի՛ր, ինչ որ մեզ տօնի ժամանակ պէտք է» եւ կամ՝ որ մի բան տայ աղքատներին:
- 30 Իսկ նա պատառը վերցնելով՝ իսկոյն դուրս ելաւ: Եւ գիշեր էր...
- 31 Եւ երբ նա դուրս ելաւ, Յիսուս ասաց. «Այժմ մարդու Որդին փառաւորուեց, եւ Աստուած փառաւորուեց նրանով,
- 32 քանի որ, եթէ Աստուած փառաւորուեց նրանով, Աստուած էլ նրան կը փառաւորի իրենով. եւ իսկոյն կը փառաւորի նրան:
- 33 Որդեակնե՛րս, մի քիչ ժամանակ դեռ ձեզ հետ եմ. ինձ պիտի փնտռէք, եւ ինչպէս ասացի հրեաներին՝ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ, - այժմ այդ ձեզ էլ եմ ասում:
- 34 Նոր պատուիրան եմ տալիս ձեզ, որ սիրէք միմեանց. ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ միմեա՛նց սիրեցէք:
- 35 Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք»:
- 36 Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տէ՛ր, ո՞ւր ես գնում»: Յիսուս պատասխանեց. «Ուր ես եմ գնում, դու այժմ իմ յետեւից չես կարող գալ, բայց յետոյ կը գաս իմ յետեւից»:
- 37 Պետրոսը նրան ասաց. «Տէ՛ր, ինչո՞ւ այժմ չեմ կարող քո յետեւից գալ. այժմուանից իսկ իմ կեանքը քեզ համար կը տամ»:
- 38 Յիսուս պատասխանեց. «Ինձ համար կեա՞նքդ կը տաս. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, աքաղաղը դեռ կանչած չի լինի, երբ դու երեք անգամ ինձ ուրացած կը լինես»:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗