로그인

마태복음 28장 Eastern (Genesis Exodus Gospels)

Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 마태복음 (Matthew) · 20절

  1. 1 Շաբաթ օրուայ երեկոյեան, երբ կիրակին լուսանում էր, Մարիամ Մագդաղենացին եւ միւս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու:
  2. 2 Եւ ահա մեծ երկրաշարժ եղաւ, որովհետեւ Տիրոջ հրեշտակը երկնքից իջնելով՝ մօտեցաւ, դռնից վէմը մի կողմ գլորեց ու նստեց նրա վրայ:
  3. 3 Նրա տեսքը փայլակի նման էր, ու նրա զգեստը՝ սպիտակ, ինչպէս ձիւնը:
  4. 4 Նրա ահից պահապանները խռովուեցին եւ մեռելների պէս եղան:
  5. 5 Հրեշտակը խօսեց ու կանանց ասաց. «Դուք մի՛ վախեցէք, գիտեմ, որ փնտռում էք Յիսուսին, որ խաչուեց.
  6. 6 այստեղ չէ նա, քանի որ յարութիւն առաւ, ինչպէս ինքն ասել էր. եկէ՛ք, տեսէ՛ք այն տեղը, ուր պառկած էր:
  7. 7 Եւ իսկոյն գնացէ՛ք, ասացէ՛ք նրա աշակերտներին, թէ յարութիւն առաւ. եւ ահա նա ձեզնից առաջ գնում է Գալիլիա. այնտեղ նրան կը տեսնէք: Ահա ասացի ձեզ»:
  8. 8 Եւ իսկոյն, ահով եւ մեծ ուրախութեամբ, գերեզմանից դուրս ելնելով՝ վազեցին աշակերտներին պատմելու:
  9. 9 Եւ յանկարծ Յիսուս նրանց դիմացը ելաւ ու ասաց՝ ողջո՜յն ձեզ. եւ նրանք մօտենալով՝ նրա ոտքերին փարուեցին ու երկրպագեցին նրան:
  10. 10 Այն ժամանակ Յիսուս նրանց ասաց. «Մի՛ վախեցէք. գնացէ՛ք ասացէք իմ եղբայրներին, որ գնան Գալիլիա եւ այնտեղ ինձ տեսնեն»:
  11. 11 Երբ նրանք գնացին, ահա զինուորներից ոմանք քաղաք եկան ու
  12. 12 քահանայապետներին պատմեցին այն բոլորը, ինչ որ պատահել էր:
  13. 13 Եւ նրանք ծերերի հետ միասին հաւաքուելով՝ խորհուրդ արեցին, շատ դրամ տուեցին զինուորներին ու ասացին.
  14. 14 «Կ՚ասէք, թէ նրա աշակերտները, գիշերով գալով, գողացան նրան, մինչ մենք քնի մէջ էինք:
  15. 15 Եւ եթէ այդ լուրը կուսակալին հասնի, մենք նրան կը գոհացնենք եւ ձեզ հոգսից կ՚ազատենք»:
  16. 16 Եւ նրանք դրամն առնելով՝ արեցին այնպէս, ինչպէս որ իրենց սովորեցրել էին: Եւ այս զրոյցը տարածուած է հրեաների մէջ մինչեւ այսօր:
  17. 17 Իսկ տասնմէկ աշակերտները գնացին Գալիլիա, այն լեռը, ուր Յիսուս իրենց հետ ժամադրուել էր:
  18. 18 Երբ նրան տեսան, երկրպագեցին նրան, իսկ ոմանք երկմտեցին:
  19. 19 Եւ Յիսուս մօտենալով՝ խօսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ է տրուած ամէն իշխանութիւն երկնքում եւ երկրի վրայ. ինչպէս Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում:
  20. 20 Գնացէ՛ք ուրեմն աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի: Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»:

Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗