마태복음 26장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 마태복음 (Matthew) · 75절
- 1 Երբ Յիսուս այս բոլոր խօսքերը վերջացրեց, իր աշակերտներին ասաց.
- 2 «Գիտէք, որ երկու օր յետոյ զատիկ է, եւ մարդու Որդին պիտի մատնուի խաչը ելնելու համար»:
- 3 Այն ժամանակ քահանայապետները եւ օրէնսգէտներն ու ժողովրդի ծերերը հաւաքուեցին Կայիափա անունով քահանայապետի դահլիճը
- 4 եւ խորհուրդ արեցին, որպէսզի նենգութեամբ բռնեն Յիսուսին ու սպանեն:
- 5 Բայց ասում էին. «Ո՛չ այս տօնին, որպէսզի ժողովրդի մէջ խռովութիւն չլինի»:
- 6 Երբ Յիսուս եկաւ Բեթանիա, բորոտ Սիմոնի տունը,
- 7 նրան մօտեցաւ մի կին, որ մի շիշ թանկարժէք իւղ ունէր, եւ թափեց այն նրա գլխին, մինչ նա սեղան էր նստել:
- 8 Երբ աշակերտներն այս տեսան, բարկացան ու ասացին. «Ինչի՞ համար է անուշահոտ իւղի այդ վատնումը,
- 9 քանի որ կարելի էր մեծ գնով վաճառել այդ եւ տալ աղքատներին»:
- 10 Յիսուս իմացաւ ու նրանց ասաց. «Ինչո՞ւ էք նեղութիւն տալիս այդ կնոջը. նա իմ հանդէպ մի բարի գործ կատարեց.
- 11 աղքատներին ամէն ժամ ձեզ հետ ունէք, բայց ինձ միշտ ձեզ հետ չէք ունենայ:
- 12 Իմ մարմնի վրայ այդ իւղը թափելով՝ նա իմ թաղուելը կանխանշեց:
- 13 Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Աւետարանը քարոզուի, պիտի պատմուի դրա յիշատակին, նաեւ ինչ որ դա արեց»:
- 14 Այն ժամանակ Տասներկուսից մէկը՝ Յուդա Իսկարիովտացի կոչուածը, գնաց քահանայապետների մօտ ու ասաց.
- 15 «Ի՞նչ կը կամենաք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»: Եւ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան:
- 16 Դրանից յետոյ նա առիթ էր որոնում, որ նրան մատնի նրանց:
- 17 Եւ Բաղարջակերաց տօնի առաջին օրը աշակերտները մօտեցան Յիսուսին եւ ասացին. «Ո՞ւր ես կամենում՝ պատրաստենք քեզ համար զատկական ընթրիքը, որ ուտես»:
- 18 Եւ Յիսուս նրանց ասաց. «Գնացէ՛ք քաղաք այսինչ անձի մօտ եւ նրան ասացէ՛ք. «Վարդապետն ասում է՝ իմ ժամանակը մօտեցել է, քեզ մօտ եմ անելու զատիկը իմ աշակերտների հետ միասին»:
- 19 Եւ աշակերտները արեցին, ինչպէս Յիսուս իրենց հրամայեց, ու պատրաստեցին զատկական ընթրիքը:
- 20 Եւ երբ երեկոյ եղաւ, տասներկու աշակերտների հետ սեղան էր նստել:
- 21 Եւ մինչ նրանք դեռ ուտում էին, նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մէկն ինձ մատնելու է»:
- 22 Եւ նրանք խիստ տխրեցին. նրանցից իւրաքանչիւրն սկսեց ասել նրան. «Միթէ ե՞ս եմ, Տէ՛ր»:
- 23 Նա պատասխան տուեց ու ասաց. «Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մէջ մտցրեց, նա՛ է ինձ մատնելու:
- 24 Մարդու Որդին կը գնայ այս աշխարհից, ինչպէս նրա մասին գրուած է, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կը մատնուի մարդու Որդին: Աւելի լաւ կը լինէր նրա համար, եթէ այդ մարդը ծնուած չլինէր»:
- 25 Յուդան, որ մատնելու էր նրան, պատասխանեց ու ասաց. «Միթէ ե՞ս եմ, Վարդապե՛տ»: Նրան ասաց՝ դու ասացիր:
- 26 Եւ մինչ նրանք դեռ ուտում էին, Յիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց եւ տուեց աշակերտներին ու ասաց. «Առէ՛ք, կերէ՛ք, այս է իմ մարմինը»:
- 27 Եւ բաժակ վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց ու ասաց.
- 28 «Խմեցէ՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է նոր ուխտի իմ արիւնը, որ թափւում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողութեան համար:
- 29 Բայց ասում եմ ձեզ, այսուհետեւ ես այլեւս որթատունկի բերքից չեմ խմի մինչեւ այն օրը, երբ ձեզ հետ կը խմեմ նորը իմ Հօր արքայութեան մէջ»:
- 30 Եւ օրհներգեցին ու ելան Ձիթենեաց լեռը:
- 31 Այն ժամանակ Յիսուս նրանց ասաց. «Դուք ամէնքդ այս գիշեր իմ պատճառով գայթակղուելու էք. որովհետեւ գրուած է, թէ՝ հովուին պիտի հարուածեմ, եւ հօտի ոչխարները պիտի ցրուեն:
- 32 Եւ իմ յարութիւն առնելուց յետոյ, ձեզնից առաջ պիտի գնամ Գալիլիա»:
- 33 Պետրոսը պատասխանեց եւ ասաց նրան. «Թէպէտ եւ ամէնքը քո պատճառով գայթակղուեն, սակայն ես չեմ գայթակղուի»:
- 34 Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այս գիշեր, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ ինձ պիտի ուրանաս»:
- 35 Պետրոսը նրան ասաց. «Թէ քեզ հետ մեռնել իսկ ինձ հասնի, քեզ չեմ ուրանայ»: Նոյնն ասացին բոլոր աշակերտներն էլ:
- 36 Այն ժամանակ Յիսուս նրանց հետ եկաւ մի տեղ, որի անունը Գեթսեմանի էր, եւ նրանց ասաց. «Նստեցէ՛ք այդտեղ, մինչեւ որ գնամ աղօթեմ»:
- 37 Եւ իր հետ վերցնելով Պետրոսին եւ Զեբեդէոսի երկու որդիներին՝ սկսեց տրտմել եւ տագնապել:
- 38 Այն ժամանակ նրանց ասաց. «Հոգիս տխուր է մահու չափ. այստե՛ղ մնացէք եւ ինձ հետ հսկեցէ՛ք»:
- 39 Եւ մի փոքր առաջ գնալով՝ ընկաւ իր երեսի վրայ, աղօթեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթէ կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ՝ ինչպէս ես եմ կամենում, այլ՝ ինչպէս դու»:
- 40 Նա եկաւ աշակերտների մօտ եւ նրանց քնի մէջ գտաւ ու Պետրոսին ասաց. «Այդպէ՜ս, չկարողացա՞ք մէկ ժամ արթուն մնալ ինձ հետ:
- 41 Արթո՛ւն մնացէք եւ աղօ՛թք արէք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք. հոգիս յօժար է, բայց մարմինս՝ տկար»:
- 42 Դարձեալ, երկրորդ անգամ, Յիսուս գնաց աղօթքի կանգնեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթէ կարելի չէ, որ այս բաժակը ինձնից հեռու անցնի, ապա այն կը խմեմ. քո կա՛մքը թող լինի»:
- 43 Եւ գալով՝ դարձեալ նրանց քնի մէջ գտաւ, որովհետեւ նրանց աչքերը ծանրացել էին:
- 44 Թողեց նրանց ու երրորդ անգամ գնաց աղօթքի կանգնեց. եւ դարձեալ նոյն խօսքն ասաց:
- 45 Այն ժամանակ եկաւ աշակերտների մօտ ու նրանց ասաց. «Ննջեցէ՛ք այսուհետեւ ու հանգստացէ՛ք, քանի որ ահա ժամը հասել է, եւ մարդու Որդին մեղաւորների ձեռքն է մատնւում:
- 46 Վե՛ր կացէք գնանք այստեղից. որովհետեւ ահա հասաւ նա, ով ինձ մատնելու է»:
- 47 Եւ մինչ նա դեռ այսպէս խօսում էր, ահա Յուդան՝ Տասներկուսից մէկը, եկաւ. ու նրա հետ՝ քահանայապետների եւ ժողովրդի ծերերի կողմից բազում ամբոխ՝ սրերով ու մահակներով:
- 48 Եւ նա, որ նրան մատնելու էր, նրանց նշան էր տուել ու ասել. «Ում հետ ես համբուրուեմ, նա՛ է, նրան կը բռնէք»:
- 49 Եւ սա իսկոյն մօտենալով Յիսուսին՝ ասաց. «Ողջո՜յն, Վարդապե՛տ». ու նրա հետ համբուրուեց:
- 50 Իսկ Յիսուս նրան ասաց. «Ընկե՛ր, սրա՞ համար դու եկար»: Այն ժամանակ, մօտենալով, ձեռք բարձրացրին Յիսուսի վրայ ու նրան բռնեցին:
- 51 Եւ ահա Յիսուսի հետ գտնուողներից մէկը ձեռքը երկարեց եւ իր սուրը հանեց ու հարուածեց քահանայապետի ծառային եւ նրա ականջը կտրեց պոկեց:
- 52 Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Քո սուրը ետ դիր իր տեղը, որովհետեւ, ովքեր սուր են վերցնում, սրով կ՚ընկնեն:
- 53 Եւ կամ կարծո՞ւմ ես, թէ չեմ կարող իմ Հօրն աղաչել, որ նա հիմա ինձ համար այստեղ հասցնի հրեշտակների աւելի քան տասներկու գնդեր:
- 54 Էլ ինչպէ՞ս պիտի կատարուէին Սուրբ Գրքերում գրուածները, թէ՝ այսպէս պէտք է լինի»:
- 55 Այն ժամանակ Յիսուս ամբոխին ասաց. «Սրերով եւ մահակներով իմ դէմ էք ելել՝ բռնելու ինձ իբրեւ մի աւազակի՞: Միշտ ձեզ մօտ, տաճարում նստում էի եւ ուսուցանում, ու ինձ չբռնեցիք.
- 56 բայց այս բոլորը եղաւ, որպէսզի մարգարէների Գրուածքները կատարուեն»: Այն ժամանակ աշակերտները բոլորն էլ թողեցին նրան ու փախան:
- 57 Իսկ նրանք բռնելով Յիսուսին՝ տարան Կայիափա քահանայապետի մօտ, ուր օրէնսգէտներն ու ծերերը հաւաքուել էին:
- 58 Եւ Պետրոսը հեռուից նրան հետեւելով՝ գնաց մինչեւ քահանայապետի գաւիթը եւ ներս մտնելով՝ սպասաւորների հետ նստեց՝ տեսնելու համար վախճանը:
- 59 Իսկ քահանայապետներն ու ամբողջ ատեանը Յիսուսի մասին սուտ վկայութիւն էին փնտռում, որպէսզի նրան սպանեն,
- 60 բայց ներկայացող բազում սուտ վկաների մէջ չէին գտնում այն: Յետոյ առաջ եկան երկու սուտ վկաներ.
- 61 ասացին. «Սա ասում էր՝ Աստծու տաճարը կարող եմ քանդել եւ երեք օրում շինել»:
- 62 Եւ քահանայապետը վեր կենալով՝ նրան ասաց. «Պատասխան չե՞ս տալիս, քո մասին ի՞նչ ամբաստանութիւն են անում դրանք»:
- 63 Եւ Յիսուս լուռ էր մնում: Քահանայապետը խօսեց եւ նրան ասաց. «Երդուեցնում եմ քեզ կենդանի Աստուծով, որ մեզ ասես, թէ դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»:
- 64 Յիսուս նրան ասաց. «Դու ասացիր: Բայց ասում եմ ձեզ. այսուհետեւ մարդու Որդուն կը տեսնէք նստած ամենազօր Աստծու աջ կողմում եւ եկած երկնքի ամպերի վրայով»:
- 65 Այն ժամանակ քահանայապետը պատռեց իր զգեստներն ու ասաց. «Հայհոյեց, էլ ինչի՞ են պէտք մեզ վկաներ. ահա հիմա լսեցիք նրա հայհոյանքը:
- 66 Ի՞նչ է ձեր կամքը»: Նրանք պատասխանեցին ու ասացին՝ մահապարտ է:
- 67 Այն ժամանակ թքեցին նրա երեսին, բռունցքով հարուածեցին նրան, եւ ոմանք էլ ապտակեցին նրան ու ասացին.
- 68 «Մարգարէացի՛ր մեզ, դո՛ւ, Քրիստո՛ս, ո՞վ է, որ քեզ հարուածեց»:
- 69 Իսկ Պետրոսը նստած էր դուրսը՝ գաւթում. մի աղախին մօտեցաւ նրան ու ասաց. «Դո՛ւ էլ գալիլիացի Յիսուսի հետ էիր»:
- 70 Նա ուրացաւ բոլորի առաջ ու ասաց. «Չգիտեմ՝ դու ինչ ես խօսում»:
- 71 Եւ երբ նա գաւթից դուրս ելաւ, նրան տեսաւ մի այլ կին եւ այնտեղ կանգնածներին ասաց. «Սա էլ Յիսուս Նազովրեցու հետ էր»:
- 72 Եւ դարձեալ նա երդումով ուրացաւ, թէ՝ այդ մարդուն չեմ ճանաչում:
- 73 Եւ մի քիչ յետոյ այնտեղ գտնուողները, մօտենալով, Պետրոսին ասացին. «Իրօք, դու էլ նրանցից ես, քանի որ քո խօսուածքն էլ քեզ յայտնի է անում»:
- 74 Այն ժամանակ նա սկսեց նզովք կարդալ ու երդուել, թէ՝ այդ մարդուն չեմ ճանաչում: Եւ իսկոյն աքաղաղը կանչեց:
- 75 Եւ Պետրոսը յիշեց Յիսուսի խօսքը, որ նա ասել էր, թէ՝ դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ ինձ պիտի ուրանաս: Եւ դուրս ելնելով՝ դառնապէս լաց եղաւ:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗