마태복음 10장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 마태복음 (Matthew) · 42절
- 1 Եւ նա իր մօտ կանչելով իր տասներկու աշակերտներին՝ նրանց իշխանութիւն տուեց պիղծ դեւերի վրայ՝ հանելու դրանք եւ բժշկելու ամէն ցաւ եւ ամէն հիւանդութիւն:
- 2 Եւ տասներկու առաքեալների անունները սրանք էին. առաջին՝ Սիմոն Պետրոս կոչուածը, եւ նրա եղբայրը Անդրէաս,
- 3 Զեբեդէոսի որդի Յակոբոս եւ նրա եղբայրը Յովհաննէս, Փիլիպպոս եւ Բարթողոմէոս, Թովմաս եւ Մատթէոս մաքսաւոր, Ալփէոսի որդի Յակոբոս եւ Ղեբէոս, որ Թադէոս կոչուեց,
- 4 Սիմոն Կանանացի եւ Յուդա Իսկարիովտացի, որ եւ մատնեց նրան:
- 5 Նրանց Տասներկուսին Յիսուս ուղարկեց, պատուիրեց նրանց ու ասաց. «Հեթանոսների շրջաններով չգնաք եւ սամարացիների որեւէ քաղաքը չմտնէք,
- 6 այլ աւելի շուտ գնացէ՛ք Իսրայէլի տան կորած ոչխարների մօտ:
- 7 Եւ երբ գնաք, քարոզեցէ՛ք եւ ասացէ՛ք. «Երկնքի արքայութիւնը մօտեցել է»:
- 8 Հիւանդներին բժշկեցէ՛ք, բորոտներին մաքրեցէ՛ք, դեւերին հանեցէ՛ք, ձրի առաք, ձրի էլ տուէ՛ք:
- 9 Մի՛ ունեցէք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ եւ ո՛չ էլ պղինձ դրամ՝ ձեր գօտիների մէջ.
- 10 ո՛չ պարկ՝ ճանապարհի համար. ո՛չ երկու զգեստ, ո՛չ կօշիկներ եւ ո՛չ էլ ցուպ. որովհետեւ մշակն արժանի է իր կերակրին:
- 11 Որ քաղաքը կամ գիւղը մտնէք, հարցրէ՛ք, թէ ո՛վ է այնտեղ արժանաւորը, եւ այնտեղ մնացէ՛ք, մինչեւ որ այդտեղից դուրս ելնէք:
- 12 Եւ երբ այն տունը մտնէք, ողջո՛յն տուէք նրան ու ասացէ՛ք. «Ողջո՜յն այս տանը»:
- 13 Եթէ տունն արժանի է, ձեր ողջոյնը նրա վրայ թող իջնի. իսկ եթէ արժանի չէ, ձեր ողջոյնը ձեզ թող վերադառնայ:
- 14 Եւ եթէ մի քաղաք չընդունի ձեզ եւ չլսի ձեր խօսքերը, այդ քաղաքից դուրս գնալիս՝ ձեր ոտքերից փոշին թօթափեցէ՛ք:
- 15 Ճշմարիտ եմ ասում ձեզ, սոդոմացիների եւ գոմորացիների երկրի համար աւելի հեշտ պիտի լինի դատաստանի օրը, քան այդ քաղաքի համար»:
- 16 «Ահա ես ձեզ ուղարկում եմ որպէս ոչխարներ՝ գայլերի մէջ: Այսուհետեւ խորագէ՛տ եղէք օձերի պէս եւ միամիտ՝ աղաւնիների նման:
- 17 Զգուշացէ՛ք մարդկանցից, որովհետեւ պիտի մատնեն ձեզ ատեանների եւ պիտի տանջեն ձեզ իրենց ժողովարաններում.
- 18 ձեզ պիտի տանեն կուսակալների ու թագաւորների առաջ իմ պատճառով, որ իմ մասին վկայութիւն տաք նրանց եւ հեթանոսներին:
- 19 Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի՛ արէք, թէ ինչպէս կամ ինչ պիտի խօսէք, որովհետեւ այդ ժամին ձեզ կը տրուի այն, ինչ պիտի խօսէք.
- 20 քանի որ ոչ թէ դուք էք, որ պիտի խօսէք, այլ ձեր Հօր Հոգին, որ պիտի խօսի ձեր միջոցով:
- 21 Եղբայրն իր եղբօրը մահուան պիտի մատնի, եւ հայրը՝ որդուն: Եւ որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու նրանց պիտի սպանեն:
- 22 Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք. իսկ ով մինչեւ վերջ համբերի, նա պիտի փրկուի:
- 23 Եւ երբ ձեզ հալածեն այս քաղաքում, կը փախչէք դէպի մէկ ուրիշը. եւ եթէ ձեզ դրանից էլ հալածեն, կը փախչէք դէպի այն միւսը: Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայէլի քաղաքները դեռ վերջացրած պիտի չլինէք, նախքան մարդու Որդու գալը:
- 24 Աշակերտը աւելին չէ, քան վարդապետը, եւ ոչ էլ ծառան՝ քան իր տէրը:
- 25 Աշակերտին հերիք է, եթէ լինի իր վարդապետի նման, եւ ծառային՝ իր տիրոջ նման. եթէ տանտիրոջը Բէեղզեբուղ կոչեցին, որչա՜փ եւս առաւել՝ նրա ընտանիքը:
- 26 Այսուհետեւ նրանցից չվախենաք, որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի:
- 27 Ինչ ձեզ ասում եմ խաւարի մէջ, դուք ասացէք լոյսի՛ մէջ. եւ ինչ լսում էք ականջի մէջ փսփսուքով, հրապարակեցէ՛ք տանիքների վրայից:
- 28 Եւ մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէ՛ք նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը:
- 29 Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դահեկանի է վաճառւում, բայց նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետին չի ընկնում.
- 30 եւ ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշուուած են:
- 31 Արդ, մի՛ վախեցէք, քանի որ բազում ճնճղուկներից լաւ էք դուք:
- 32 Ով որ ինձ կը խոստովանի մարդկանց առաջ, ես էլ կը խոստովանեմ նրան իմ Հօր առաջ, որ երկնքում է:
- 33 Եւ ով ինձ կ՚ուրանայ մարդկանց առաջ, ես էլ նրան կ՚ուրանամ իմ Հօր առաջ, որ երկնքում է»:
- 34 «Մի՛ կարծէք, թէ եկայ խաղաղութիւն հաստատելու երկրի վրայ. չեկայ հաստատելու խաղաղութիւն, այլ՝ սուր.
- 35 քանի որ եկայ, որ բաժանեմ որդուն իր հօրից, եւ դստերը՝ իր մօրից, եւ հարսին՝ իր կեսուրից:
- 36 Մարդու թշնամիները իր տնեցիները կը լինեն:
- 37 Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ:
- 38 Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ յետեւից չի գալիս, ինձ արժանի չէ:
- 39 Ով որ իր անձը գտնում է, այն կը կորցնի. եւ ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կը գտնի:
- 40 Ով ձե՛զ է ընդունում, ի՛նձ է ընդունում, եւ ով ի՛նձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողի՛ն:
- 41 Ով մարգարէին ընդունում է իբրեւ մարգարէի, մարգարէի վարձ կը ստանայ. ով արդարին ընդունում է իբրեւ արդարի, արդարի վարձ կը ստանայ:
- 42 Եւ ով այս փոքրիկներից մէկին միայն մի բաժակ սառը ջուր կը տայ խմելու իբրեւ աշակերտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗