마가복음 8장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 마가복음 (Mark) · 38절
- 1 Այդ օրերին ժողովուրդը դարձեալ շատ էր, եւ ուտելու բան չունէին: Յիսուս կանչեց իր աշակերտներին եւ ասաց նրանց.
- 2 «Սիրտս ցաւում է այս ժողովրդի համար, որովհետեւ արդէն երեք օր է, որ ինձ մօտ են. եւ բան չունեն, որ ուտեն:
- 3 Եթէ նրանց իրենց տներն արձակեմ քաղցած, ճանապարհին ուշագնաց կը լինեն, որովհետեւ նրանցից ոմանք հեռուներից են եկել»:
- 4 Աշակերտները նրան պատասխանեցին եւ ասացին. «Որտեղի՞ց կարող ես նրանց հացով կշտացնել այս ամայի վայրում»:
- 5 Եւ նա հարցրեց նրանց. «Քանի՞ նկանակ հաց ունէք»: Եւ նրանք ասացին՝ եօթը:
- 6 Եւ նա հրամայեց ժողովրդին նստել գետնի վրայ. եւ վերցնելով եօթը նկանակները՝ գոհութիւն յայտնեց Աստծուն, կտրեց եւ տուեց աշակերտներին, որ դնեն ժողովրդի առաջ. եւ նրանք հացը ժողովրդի առաջ դրեցին:
- 7 Եւ քիչ թուով ձկներ էլ ունէին. եւ նա այդ եւս օրհնեց ու հրամայեց նրանց առաջ դնել:
- 8 Կերան եւ կշտացան եւ եօթը զամբիւղ աւելացած կտորտանքներ վերցրին:
- 9 Եւ նրանք, որ կերան, մօտ չորս հազար հոգի էին. եւ նրանց արձակեց:
- 10 Եւ իսկոյն աշակերտների հետ նաւակ մտնելով՝ եկաւ Դաղմանունայի կողմերը:
- 11 Եկան փարիսեցիները եւ սկսեցին վիճել նրա հետ եւ նրան փորձելով՝ երկնքից նշան էին ուզում նրանից:
- 12 Եւ նա իր հոգում զայրացաւ եւ ասաց. «Ինչո՞ւ է այս սերունդը նշան ուզում. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերնդին նշան չի տրուի»:
- 13 Թողեց նրանց, նորից նաւակ մտաւ եւ գնաց ծովի միւս կողմը:
- 14 Եւ աշակերտները մոռացան հաց վերցնել. սակայն միայն մէկ նկանակ ունէին իրենց նաւակի մէջ:
- 15 Եւ նա պատուիրեց նրանց ու ասաց. «Զգո՛յշ եղէք փարիսեցիների խմորից եւ հերովդէսականների խմորից»:
- 16 Իսկ նրանք իրենց մէջ խորհում էին եւ ասում՝ հաց չունենք:
- 17 Յիսուս իմացաւ նրանց խորհուրդը եւ նրանց ասաց. «Թերահաւատնե՛ր, ինչո՞ւ էք ձեր սրտերում խորհում, թէ հաց չունէք. դեռ չէ՞ք հասկանում եւ չէ՞ք յիշում. ապշութի՞ւնն է ձեր մտքերը պատել:
- 18 Աչքեր ունէք եւ չէ՞ք տեսնում, ականջներ ունէք եւ չէ՞ք լսում եւ դեռ չէ՞ք հասկանում ու չէ՞ք յիշում.
- 19 երբ հինգ նկանակը բաժանեցի հինգ հազար հոգու, կտորտանքներով լի քանի՞ սակառ վերցրիք»: Եւ նրան պատասխանեցին՝ տասներկու:
- 20 «Եւ երբ եօթը նկանակը չորս հազար հոգու բաժանեցի, կտորտանքների քանի՞ զամբիւղ լիքը վերցրիք»: Եւ նրանք պատասխանեցին՝ եօթը:
- 21 Եւ նա նրանց ասաց. «Ապա ուրեմն ինչպէ՞ս չէք հասկանում»:
- 22 Եկան Բեթսայիդա. եւ նրա առաջ բերեցին մի կոյրի ու աղաչում էին, որ դիպչի նրան:
- 23 Եւ նա բռնելով կոյրի ձեռքից՝ գիւղից դուրս հանեց. նրա աչքերը թքով թրջեց եւ ձեռքը նրա վրայ դրեց. եւ հարցնում էր կոյրին, թէ բան տեսնո՞ւմ է:
- 24 Նա բացեց աչքերը եւ ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որ շրջում են ինչպէս ծառեր»:
- 25 Նա կրկին ձեռքերը դրեց նրա աչքերի վրայ. կոյրը իր աչքերը բացեց եւ տեսնում էր. բժշկուեց եւ ամէն ինչ յստակ տեսնում էր:
- 26 Նրան իր տունն արձակեց եւ ասաց. «Գիւղ մի՛ մտիր, այլ գնա՛ քո տունը, իսկ երբ գիւղ մտնես, գիւղում ոչ ոքի չասես»:
- 27 Եւ Յիսուս իր աշակերտների հետ միասին ելաւ գնաց Փիլիպպեան Կեսարիայի գիւղերը. եւ ճանապարհին աշակերտներին հարցնում էր եւ ասում. «Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես»:
- 28 Նրանք պատասխան տուեցին եւ ասացին. «Յովհաննէս Մկրտիչը, եւ ոմանք՝ Եղիան, իսկ ուրիշներ՝ մարգարէներից մէկը»:
- 29 Նրանց ասաց. «Իսկ դուք ի՞նչ էք ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես»: Պետրոսը պատասխան տուեց եւ ասաց նրան. «Դու Քրիստոսն ես»:
- 30 Եւ նա խստիւ պատուիրեց նրանց, որ իր մասին մարդու բան չասեն:
- 31 Եւ սկսեց ուսուցանել աշակերտներին, թէ մարդու Որդին պէտք է բազում չարչարանքներ կրի, անարգուի երէցներից ու քահանայապետներից եւ օրէնսգէտներից, մեռնի եւ երրորդ օրը յարութիւն առնի:
- 32 Եւ այս խօսքը ասաց բացայայտօրէն. եւ Պետրոսը նրան մի կողմ տանելով՝ սկսեց յանդիմանել նրան:
- 33 Իսկ նա դարձաւ տեսաւ աշակերտներին, սաստեց Պետրոսին ու ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛յ, որովհետեւ դու Աստծո՛ւ բաները չես խորհում, այլ՝ մարդկանցը»:
- 34 Եւ նա իր մօտ կանչելով ժողովրդին, աշակերտների հետ միասին, ասաց նրանց. «Եթէ մէկը կամենում է գալ իմ յետեւից, թող ուրանայ իր անձը, թող վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից,
- 35 որովհետեւ ով կամենում է ազատել իր անձը, այն պիտի կորցնի. իսկ ով կորցնի իր անձը Աւետարանի համար, պիտի ազատի այն:
- 36 Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի.
- 37 որովհետեւ մարդ ի՞նչ ունի տալու իր անձի փոխարէն:
- 38 Ով որ ամօթ համարի ինձ եւ իմ խօսքերը այս շնացող եւ մեղաւոր ազգի մէջ, մարդու Որդին էլ նրան պիտի ամաչեցնի, երբ գայ փառքովն իր Հօր եւ սուրբ հրեշտակների»: Եւ նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրանցից, որ այստեղ են, կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ տեսնեն Աստծու արքայութիւնը՝ զօրութեամբ եկած»:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗