마가복음 5장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 마가복음 (Mark) · 43절
- 1 Եւ Յիսուս եկաւ ծովի հանդիպակաց կողմը, գերգեսացիների երկիրը:
- 2 Եւ երբ նա նաւակից դուրս ելաւ, գերեզմաններից նրա դէմն ելաւ մի մարդ, որին բռնել էր մի պիղծ ոգի,
- 3 եւ որի բնակութեան տեղն իսկ գերեզմանների մէջ էր: Եւ ոչ ոք նրան շղթաներով անգամ չէր կարող կապել,
- 4 որովհետեւ շատ անգամ ոտնակապերով եւ շղթաներով կապուած էր, բայց շղթաները փշրել էր ու ոտնակապերը՝ ջարդել: Ոչ ոք նրան չէր կարողանում զսպել,
- 5 որովհետեւ միշտ, գիշեր ու ցերեկ, գերեզմաններում եւ լեռներում, աղաղակում էր եւ ինքն իրեն քարերով ծեծում:
- 6 Երբ նա Յիսուսին հեռուից տեսաւ, առաջ վազեց ու երկրպագեց նրան.
- 7 բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Յիսո՛ւս, բարձրեալ Աստծո՛ւ Որդի: Երդուեցնում եմ քեզ Աստուծով, ինձ մի՛ տանջիր».
- 8 քանի որ Յիսուս նրան ասում էր. «Պի՛ղծ ոգի, դո՛ւրս ելիր այդ մարդուց»:
- 9 Եւ նրան հարցրեց. «Անունդ ի՞նչ է»: Եւ նա ասաց նրան. «Իմ անունը Լեգէոն է, քանի որ բազում ենք»:
- 10 Իսկ պիղծ ոգիները սաստիկ աղաչում էին նրան, որ այդ շրջանից դուրս չուղարկի իրենց:
- 11 Եւ այնտեղ, լերան լանջին, խոզերի մի մեծ երամակ կար, որ արածում էր:
- 12 Բոլոր դեւերը աղաչեցին նրան եւ ասացին. «Մեզ խոզերի մէջ ուղարկիր, որ մտնենք նրանց մէջ»:
- 13 Եւ նա հրամայեց նրանց: Երբ պիղծ ոգիները դուրս ելան, մտան խոզերի մէջ, եւ երամակը, թուով մօտ երկու հազար, դարաւանդից դիմեց դէպի ծովը. եւ խեղդուեցին ծովում:
- 14 Խոզարածները փախան եւ քաղաքում ու ագարակներում պատմեցին. եւ մարդիկ դուրս ելան տեսնելու, թէ ի՛նչ էր կատարուել:
- 15 Եկան Յիսուսի մօտ եւ տեսան դիւահարին, որ նստել էր՝ հագնուած եւ զգաստացած, նրան, որ լեգէոն ունէր. եւ զարհուրեցին:
- 16 Եւ ովքեր որ տեսել էին, պատմեցին նրանց, թէ ինչ պատահեց այսահարին եւ ինչ՝ խոզերին:
- 17 Եւ սկսեցին աղաչել Յիսուսին, որ հեռանայ իրենց սահմաններից:
- 18 Եւ երբ նաւակ մտաւ, դիւահարը նրան աղաչում էր, որ նրա հետ լինի:
- 19 Բայց Յիսուս նրան թոյլ չտուեց, այլ ասաց. «Գնա՛ քո տունը հարազատներիդ մօտ եւ պատմի՛ր նրանց այն ամէնը, ինչ Տէրը քեզ արեց եւ թէ ինչպէս խղճաց քեզ»:
- 20 Եւ նա գնաց ու սկսեց տարածել Դեկապոլսում, ինչ որ Յիսուս իր համար արել էր: Եւ ամէնքը զարմանում էին:
- 21 Եւ երբ Յիսուս նաւակով նորից ծովի միւս կողմն անցաւ, նրա մօտ հաւաքուեց բազում ժողովուրդ: Եւ ինքը ծովեզրին էր:
- 22 Ահա եկաւ ժողովրդապետներից մէկը, որի անունը Յայրոս էր. եւ երբ տեսաւ նրան, նրա ոտքերն ընկաւ.
- 23 սաստիկ աղաչում էր նրան ու ասում, որ իր դուստրը մահամերձ է, եւ որ նա գայ ու նրա վրայ իր ձեռքը դնի, որպէսզի առողջանայ եւ ապրի:
- 24 Եւ Յիսուս գնաց նրա հետ. նրա յետեւից գնում էր նաեւ բազում ժողովուրդ եւ նեղում էր նրան:
- 25 Եւ մի կին կար, որ տասներկու տարուց ի վեր արիւնահոսութիւն ունէր:
- 26 Նա շատ էր տառապել բազմաթիւ բժիշկների ձեռքից եւ իր ամբողջ ունեցուածքը ծախսել էր, բայց որեւէ օգուտ չէր գտել, այլ է՛լ աւելի վատացել էր:
- 27 Նա երբ լսեց Յիսուսի մասին, եկաւ ամբոխի մէջ նրա յետեւից եւ ձեռքը դիպցրեց նրա զգեստին,
- 28 որովհետեւ մտքում խորհում էր. «Եթէ միայն դիպչեմ նրա զգեստներին, կը բժշկուեմ»:
- 29 Եւ իսկոյն նրա արեան աղբիւրը չորացաւ, եւ իր մարմնի մէջ զգաց, որ տանջանքներից բժշկուեց:
- 30 Եւ Յիսուս իսկոյն ինքն իր մէջ իմանալով իրենից դուրս ելած զօրութիւնը, դարձաւ դէպի ամբոխը եւ ասաց. «Ո՞վ դիպաւ իմ զգեստներին»:
- 31 Եւ աշակերտները նրան ասացին. «Տեսնում ես, որ ամբոխը նեղում է քեզ, եւ ասում ես, թէ՝ ո՞վ դիպաւ իմ զգեստներին»:
- 32 Եւ նա շուրջն էր նայում՝ տեսնելու, թէ ո՛վ այդ արեց:
- 33 Եւ այդ կինը, զարհուրած ու դողալով նրա համար, որ գաղտնի էր արել, - որովհետեւ գիտէր, թէ ինչ կատարուեց իր հետ, - եկաւ ընկաւ նրա առաջ եւ ամէն ինչ ստուգութեամբ ասաց:
- 34 Եւ Յիսուս նրան ասաց. «Դո՛ւստր, քո հաւատը քեզ փրկեց, գնա՛ խաղաղութեամբ եւ քո տանջանքներից բժշկուած եղիր»:
- 35 Մինչ Յիսուս այս բանն էր խօսում, ժողովրդապետի տնից ոմանք եկան եւ ասացին. «Քո դուստրը մեռաւ, էլ ի՞նչ ես նեղութիւն տալիս Վարդապետին»:
- 36 Իսկ Յիսուս, երբ լսեց ասուած խօսքը, ժողովրդապետին ասաց. «Մի՛ վախեցիր, այլ միայն հաւատա՛»:
- 37 Եւ ոչ ոքի թոյլ չտուեց իր հետ գնալ, այլ միայն՝ Պետրոսին, Յակոբոսին եւ նրա եղբօրը՝ Յովհաննէսին:
- 38 Յիսուս ժողովրդապետի տունը եկաւ եւ տեսաւ մի մեծ ամբոխ, լացուկոծ անողներ եւ աղմուկ-աղաղակ:
- 39 Ապա ներս մտնելով՝ նրանց ասաց. «Ինչո՞ւ էք խռովուած ու լաց էք լինում. մանուկը մեռած չէ, այլ ննջում է»:
- 40 Սակայն նրանք ծաղրում էին նրան: Իսկ նա, ամենքին դուրս հանելով, վերցրեց իր հետ մանկան հօրն ու մօրը եւ նրանց, որ իր հետ էին, եւ մտաւ այնտեղ, ուր պառկած էր մանուկը:
- 41 Եւ բռնելով մանկան ձեռքից՝ ասաց նրան՝ Տալի՛թա, կո՛ւմի, որ նշանակում է՝ աղջի՛կ, դո՛ւ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց:
- 42 Եւ աղջիկը իսկոյն վեր կացաւ ու քայլում էր, քանի որ մօտ տասներկու տարեկան էր: Եւ ամէնքը մեծապէս զարմացան:
- 43 Իսկ նա նրանց խստիւ պատուիրեց, որ ոչ ոք այդ բանը չիմանայ. ու ասաց, որ նրան ուտելու բան տան:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗